AM
14 Դեկտեմբեր 2012 - 09:46 AMT

Քաղաքապետարանը կրկին խոստանում է` հենաշարժողական խնդիրներով մարդկանց համար մայրաքաղաքն ավելի մատչելի կլինի

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների եռօրյա ցուցահանդեսը:

Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն շնորհակալագրեր է հանձնել ընթացիկ տարում միջազգային և քաղաքային մրցույթներում հաջողություններ գրանցած հաշմանդամություն ունեցող մարզիկներին և ցուցահանդեսի ու համերգային ծրագրի մասնակիցներին:

Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները, նշել է, որ դրանք լինելու են շարունակական և այսօր արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքն առավել մատչելի ու հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական ուշադրության ու հոգածության համար, հույս է հայտնել, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում շատ շուտով Երևանն առավել մատչելի կդառնա նաև հաշմանդամություն ունեցող բնակիչների համար:

Ցուցահանդեսի բացմանն իրենց կատարումներով ներկաներին ողջունել է հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը: