AM
14 Հունիս 2005 - 03:17 AMT

ԵՄ-Ը ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՍ ԱՇԽԱՏԵԼՈՒ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը նախօրեին հանդիպել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Արեւելքի երկրների ղեկավար Սայմըն Սմիթին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան տիկին Թորդա Էբոթ-Ուոթը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Գ. Ղարիբջանյանը Բ.Ֆոլին ներկայացրել է «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» քաղաքականության շրջանակներում Հայաստանի կողմից արված առաջարկությունների ընդհանուր բովանդակությունը եւ հայտնել, որ մի քանի օր անց ՀՀ ԱԳՆ ղակավար Վարդան Օսկանյանը պաշտոնապես կհանձնի այդ փաստաթուղթը ԵՄ խորհրդին: Իր հերթին Բ.Ֆոլն ընդգծել է, որ հուլիսի 1-ից ԵՄ-ում նախագահությունը ստանձնելու է Մեծ Բրիտանիան ու վերահաստատել, որ իր երկիրը շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում ԵՄ-ի տնտեսական եւ քաղաքական ծրագրերում: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Եվրոպական Միության «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» քաղաքականության շրջանակներում տարածաշրջանի երկրների գործողությունների ծրագրի մշակման գործում Մեծ Բրիտանիայի հնարավոր աջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ս.թ. հոկտեմբերին նախատեսվող Թուրքիայի հետ անդամակցելու մասին ԵՄ բանակցություններին: Նշվել է, որ հայ-թուրքական սահմանի շուտափույթ վերաբացման հարցն օրակարգային է ԵՄ-ի համար եւ որը շարունակելու է ակտիվ աշխատանք տանել հարցի վերջնական լուծման ուղղությամբ: