ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 14-ին լսեց ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներկայացուցչի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Սփյուռքահայ գործարարը կրկին անգամ վիճարկեց այն փոխառության պայմանագրերը, որոնցով «ՎՄԳ գրուպ»- ն իբրև թե գումար էր փոխանցել Արին կապիտալ ընկերությանը, իսկ այնուհետ դրանց փոխարեն անշարժ գույքի գրավի պայմանագիր կնքել: Այս ամենն իրականացվել է այն ժամանակաշրջանում, երբ ամերիկահայ գործարարին պատկանող «Արին կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի տնօրեն լինելու ժամկետը լրացած է եղել:
Կենտրոնի դատարանը գործարարի փաստաբանի հայցը մերժել էր, այդ թվում նաև մերժել էր ավելի ուշ նույն հայցին ավելացված` հայցային պահանջի չափը լրցնելու վերաբերյալ դիմումը:
Դատական գործն այժմ հասել է վերաքննիչ քաղաքացիական ատյան, իսկ խոսքը վերաբերում է Արին կապիտալ ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանի և «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Է. Մանգասարյանի` Վլադ Մանգասարյանի որդու կողմից ստորագրված երեք պայմանագրերին: Ամերիկահայ գործարարը պահանջում է առոչինչ ճանաչել այս փոխառության պայմանագրերը և որպես հետևանք արդեն առոչինչ ճանաչել Արին կապիտալի տնօրեն Էդուարդ Եսայանի և «ՎՄԳ»-ի ներկայացուցիչ Լևոն Դանիելյանի կողմից կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագիրը:
Սփյուռքահայ գործարարը պահանջում է առոչինչ ճանաչել այն պայմանագրերը, որոնք վերաբերում են 2010 թվականի սեպտեմբերի 22-ին և հոկտեմբերի 1-ին կնքված 40 մլն և 72 մլն ՀՀ դրամի չափով փոխառություններին:
Սփյուռքահայ գործարարը Վերաքննիչ քաղաքացիական դատարանից խնդրել է կայացնել լրացուցիչ վճիռ պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ: Դատարանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 25-ին:





