2012 թվականին հայ-թուրքական հարաբերություններ չեն եղել: Թուրքիան փորձեր է արել ցույց տալու, որ ինչ-որ գործընթաց կա՝ հիմնվելով հայ-թուրքական արձանագրությունների և հայկական սփյուռքում խնդրով չզբաղվող ինչ-որ կառույցների հետ որոշակի շփումների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հայաստանի պատկան մարմինները ժխտում են, որ Թուրքիայի հետ ինչ-որ գործընթաց կա: Թուրքիան փորձում է աշխարհին խաբել»,- նկատեց Կիրո Մանոյանը: Նա ասաց, որ անցած տարվա ընթացքում Թուրքիան հավատարիմ մնաց իր կոշտ դիրքորոշմանը: «Այն վերաբերմունքը, որ Թուրքիան է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ այն է շրջափակումը, միջազգային իրավունքի համաձայն պատերազմի մի ձև է: Եվ մինչև 2015 թվականը որևէ փոփոխություն դժվար թե լինի»,- ասաց նա:
Կիրո Մանոյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ վերցնի այդ արձանագրությունների տակից՝ պատճառ բերելով Թուրքիայի կողմից դրանց չվավերացնելն ու ԼՂ խնդրով և հայ-ադրբեջանական հարաբերություններով պայմանավորելը:





