AM
19 Դեկտեմբեր 2012 - 08:56 AMT

Կիրո Մանոյան. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեր քաղաքականությունը փոխհատուցման ուղղությամբ պետք է տանել

Հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի իշխանությունների կեցվածքը 2009թ.-ից ի վեր էական փոփոխությունների չի ենթարկվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նկատեց, որ եթե մինչ այդ ՀՀ նախագահները խոսում էին միայն ցեղասպանության հետևանքների վերացման մասին, ապա Սերժ Սարգսյանը բարձրացրեց նաև փոխհատուցման և հետևանքների վերացման հարցը, սակայն դա շատ կարճ տևեց: Այժմ ՀՀ նախագահ, նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում խոսվում է Ցեղասպանության ճանաչմանը մեծ թափ տալու մասին, բայց հետևանքների վերացման մասին խոսք չկա: «Դա մտածել է տալիս, որ դա տակտիկական քայլ էր, և ոչ թե այս իշխանությունների ռազմավարությունը»,- ասաց Կիրո Մանոյանը և նկատեց, որ մենք պետք է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեր քաղաքականությունը փոխհատուցման ուղղությամբ տանենք, իսկ ճանաչումը միայն կհեշտացնի հետևանքների վերացման խնդիրը:

«Մենք որպես ազգ պետք է քննարկենք, թե մեր ուզածն ինչ է: Հայկական կողմը մինչև 100-ամյակը պետք է ներկայանա հստակ կեցվածքով և հստակ պահանջներով: Կիրո Մանոյանը ևս մեկ անգամ նշեց, որ պետք է հետ կանչել հայկական կողմի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից: «Արձանագրությունները կարող են խոչընդոտ լինել հատուցման հարցում»,- ասաց նա: Կիրո Մանոյանը չի բացառում, որ մինչև 2015-ը ավելանան Ցեղասպանությունը ճանաչող պետությունները: Միևնույն ժամանակ կնվազի նաև այն պետությունների թիվը, որոնք դեմ են Ցեղասպնության ճանաչմանը:

«Ճանաչումն այլևս համար մեկ խնդիրը չպետք է համարել, պետք է առաջ քաշել իրավունքների և պահանջատիրության հարցը: Իրավունքների շրջանակը շատ մեծ է՝ սկսած անհատական կորուստների փոխհատուցումից մինչև տարածքների վերադարձման խնդիրը»,- եզրափակեց Կիրո Մանոյանը: