ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա-Մարիա Զեհեին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԳՆ-ից:Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդն իր գործունեության ընթացքում միշտ հուսալի և լուրջ գործընկեր է եղել Հայաստանի կրթության ոլորտի համար:
«Հատուկ շնորհակալություն վերջին տարիների ընթացքում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներում Ձեր հետևողական և անձնական ներգրավման և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի և անձամբ Ձեր աջակցությամբ հնարավոր եղավ իրականացնել հսկայական ծավալի աշխատանք, այդ թվում նաև` կրթության ոլորտում: Ներկայումս շարունակվում են իրականացվել բազմաթիվ ավանդական և նոր ծրագրեր. Հայաստանը կարծես երկրորդ շնչով է ներգրավվում ԵԽ կրթական գործողությունների և միջոցառումների մեջ: Ջերմությամբ եմ հիշում մեր համատեղ աշխատանքը. համոզված եմ, որ այս ընթացքում Դուք սիրեցիք Հայաստանը: Հակառակ պարագայում` հնարավոր չէ բացատրել Ձեր հետևողական և նվիրված աշխատանքը: Դժվար է պատկերեցնել Հայաստանն` առանց Ձեզ: Վստահ եմ, որ Ձեր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում ևս հաջողություններ կարձանագրեք»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Սիլվիա-Մարիա Զեհեին հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի հետ իրականացվող ծրագրերը կշարունակվեն, մասնավորապես, ավագ դպրոցների բարեփոխումների, հակակոռուպցիոն ծրագրերի համատեքստում:
«Համոզված եմ, որ կրթության ոլորտում միշտ պետք է ներդրումներ արվեն , քանի որ դրանով առաջին հերթին ներդրում է արվում երկրի ապագայի մեջ»,-նշել է ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:





