AM
20 Դեկտեմբեր 2012 - 09:36 AMT

Ստյոպա Սաֆարյան. Կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է իշխանության կորուստ

Հայաստանում կուռուպցիան համակարգային է և այն արդեն համակարգ է: Չկա մի օղակ, որը կոռուպցիայի դեմ անհրաժեշտ մակարդակի դիմադրողականություն ունենա: Այսօր «Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական փուլում» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: «Հայաստանում կոռուպցիան մի երևույթ է, երբ բոլորը հրաշալի ամեն ինչի մասին գիտեն, թե որտեղ ինչքան շահույթ կա»,- ասաց նա: Ստյոպա Սաֆարյանն առանձնացրեց հանքարդյունաբերության ոլորտը: Ըստ նրա՝ որևէ մեկը չգիտե՝ ինչ հանքեր են շահագործվում, որքան գումարներ են ստանում դրանցից: Հայաստանի հարստություններից մեկը հանքերն են, բայց որևէ մեկը չգիտի ինչքանով է այս ոլորտը թալանվում»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը: Նա նաև հիշեցրեց թիվ 1 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը և ասաց, որ դա ևս կոռուպցիա է: «Օրը ցերեկով վերցնել մայրաքաղաքի երթուղայինները և ծառայեցնել սեփական ընտանիքի անդամին պատգամավոր դարձնելուն, դա կոռուպցիայի մարմնավորում է: Իսկ օրենքները, որ գրվել են, դեկորացիա և շղարշ են, այդ համակարգը բոլորովին այլ օրենքներով է գործում: Եթե մի քանիսը իսկապես ցանկական պայքարել, խցանի նման դուրս կթռնեն այս համակարգից»,- շեշտեց Սաֆարյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ կոռուպցիայի հաղթահարման ամենաանհրաժեշտ պայմանը իշխանությունների քաղաքական կամքն է: «Համակարգը ստեղծված է կոռուպցիայի միջոցով փող աշխատելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է իշխանության կորուստ»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը: