Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Զեհեին համագործակցության և կատարած աշխատանքի համար` նշելով, որ 2008 թվականից նա նպաստել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ծրագրերի իրականացմանը՝ ներդրում ունենալով ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացում:
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցությունը՝ այն գնահատելով գերազանց և արդյունավետ: Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը ընդունել է մի շարք կարևոր օրենքներ, որոնք նպաստել են ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը և խորացմանը, մասնավորապես Ընտրական օրենսգիրքը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը և այլն:
Նա կարևորել է նաև ԵԽԽՎ-ԱԺ փոխգործակցությունը` նշելով, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը արդյունավետ և կառուցողական գործունեություն է իրականացնում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Այս մասին հայտնում են ՍԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:





