Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակում վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը:
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net թղթակիցը Հանրապետության հրապարակից, այն այս պահին լեփ- լեցուն է մարդկանցով: Լույսերի վառելուց անմիջապես հետո տեղի ունեցավ մեծ հրավառություն, ամենուր հնչում է տոնական երաժշտություն և տիրում է բարձր տրամադրություն: Չնայած ցրտին, մարդիկ չեն ցանկանում լքել հրապարակը: Այս պահին ելությ է ունենում հեռուսատառադիոյի ջազ նվագախումբը:
Հաջորդաբար վառվեցին նաև Հանրապետության և Շառլ Ազնավուրի անվան հրապարակների լուսադիոդային շատրվանները, ինչպես նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում տեղադրված տոնածառների լույսերը:
Երևանի գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն պատրաստված է 6000 ճյուղերից, որոնք սանիտարական էտման արդյունքում տեղափոխվել են տարբեր մարզերից: Տոնածառի լուսային ձևավորման համար օգտագործվել են ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր, որոնց երկարությունը 17 կիլոմետրից ավելի է: Իսկ, առհասարակ, մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար օգտագործվել են 100-ից ավելի լուսադիոդային խաղալիքներ, լուսադիոդային ձևավորում են ստացել շուրջ 450 ծառեր, տեղադրվել են տասից ավելի դեկորատիվ մոմեր և պենոպլաստե տնակներ Ազատության հրապարակում, որտեղ նաև դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 13-ը երեխաների համար խաղահրապարակ կկազմակերպվի: Ավելի շատ տեղերում նախատեսվում է 2D պրոյեկցիա:





