AM
21 Դեկտեմբեր 2012 - 14:46 AMT

ACP ընկերությունը և պետմարմինները Թեղուտի հանքավայրում նոր մեքենայությունների հեղինակներն են

Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Այս մասին այսօր Մաշտոցի պուրակում հայտարարեցին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները:

«Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքն ապօրինի շահագործել: Հայաստանի ընդերքը գնահատվել է 120 մլրդ, բայց այն օգտագործում և շահույթ են ստանում միայն մի քանի հոգի: Ինչպես կարող է հանքի տնօրենը 17.000 դոլար աշխատավարձ ստանալ, իսկ բոլոր աշխատողները միասին հաշված` 10.000», – ասաց նախաձեռնության անդամներից Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Թեղուտի հարցն արդեն բնապահպանական սահմաններից դուրս է եկել: Հիմա տնտեսական շահերն են ոտնահարվում: Նոր բացահայտումները վերաբերում են հանքավայրի տարածքի մոտ կրկնակի մեծացմանը, թափոնների ավելացմանը:

Բնապահպանների հայտարարություններով տեղի է ունենում քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է քրեական գործ հարուցի: Մաշտոցի պուրակից հավաքվածները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ տրամադրել են ձեռք բերած նոր փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Դատախազության շենքի մոտ բնապահպանները հանդիպել են քաղբանտարկյալների ազատության համար երթի դուրս եկած «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամներին: