Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների առթիվ հայտարարված ստուգատեսն անցած Ձմեռ պապերն ու Ձյունանուշներն արդեն շրջում են Երևանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը: «Ստուգատեսին ներկայացել էր 35 հոգի, որոնցից ընտրվեց 15 Ձմեռ պապ և 8 Ձյունանուշ, 10 Ձմեռ պապ և 2 Ձյունանուշ մերժվեց: Ընտրված 23 հոգին ներկայացել էին ամբողջական տեսքով` հագուստով, ատրիբուտներով և համապատասխանում էին բոլոր պայմաններին` այդ թվում երեխաների հետ պատշաճ վերաբերմունք, կոկիկ տեսք, հաճելի ձայն և այլն»,- նշեց նա:
Սարուխանյանը հավելեց, որ նրանք մայրաքաղաքում կշրջեն մինչև տոների ավարտը` հունվարի 13-ը: «Նրանք, ովքեր այդ ընթացքում կխախտեն պահանջված պայմանները, կարող են զրկվել Ձմեռ պապ կամ Ձյունանուշ աշխատելու արտոնագրից: Դա այն պատիժն է, որը կարող է կիրառել քաղաքապետարանը, մնացած դեպքերում արդեն կզբաղվեն համապատասխան պատկան մարմինները»,- ասաց նա:
Հավելենք, որ ստուգատեսը հայտարարվել էր դեկտեմբերի 15-ից 20-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության կողմից:





