Այսօր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը, որը համարվում է նաև սարկավագների տոնը:
Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի ունեցավ կիսասարկավագության, ուրարակրության և դպրության տվչության արարողություն: Գևորգյան հոգևոր ճեմարանի Դ լսարանի 18 սաների և քահանայից պատրաստության Բ լսարանի 7 ուսանողների շնորհվեց ուրարակրության աստիճան, իսկ ճեմարանի Բ լսարանի 10 սաների և քահանայից պատրաստության Ա և Բ լսարանների 11 ուսանողների` դպրության չորս աստիճանները:
Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կատարեց Գևորգյան Հոգևոր ճեմարանի 33 սաների, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի և Տավուշի թեմի երկու սպասավորների սարկավագական ձեռնադրությունը:
Ձեռնադրությունից հետո Սրբազան Հայրը տոնի առթիվ շնորհավորեց նորընծաներին և Մայր Աթոռի սարկավագաց ողջ դասին: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 157 սարկավագներ, որոնցից 95-ը միաբանության շարքերում, իսկ 62-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում, հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:





