AM
26 Դեկտեմբեր 2012 - 11:59 AMT

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին Վանաձորում կկառուցվի նոր բժշկական կենտրոն

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին Վանաձորում կկառուցվի բժշկական կենտրոն, կվերանորոգվի ու կարդիականացվի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, կիրականացվի «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագիրը։ Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր տեղի են ունեցել հանրային լսումներ` քննարկվել են այդ ծրագրերի բնապահպանական կառավարման կառուցվածքին վերաբերող հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանը ներկայացրել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի հիմնական բաղադրիչները և նպատակները: Նշել, որ ծրագրի շրջանակներում սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն զանգվածային հետազոտություններ, Վանաձորի բժշկական կենտրոնի համար կկառուցվի նոր շենք, իսկ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կարդիականացվի` բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի հիմնադրմամբ:

Այնուհետև շրջակա միջավայրի մասնագետ Վռամ Թևոսյանը ներկայացրել է նշված աշխատանքների բնապահպանական կառավարման ծրագրի հիմնական դրույթները, որոնք ձևավորվել են շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության և ռիսկի գործոնների ուսումնասիրման և գնահատման արդյունքում:

Ի պատասխան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի մտահոգության, թե Ոռուցքաբանության նոր կենտրոնի կառուցման ընթացքում արդյո՞ք ապահովվում է ընդերքային ջրերի աղտոտման կանխումը, պարզաբանվել է, որ հեղուկ թափոններով ընդերքային ջրերի աղտոտումը կկանխվի ջրահեռացման փակ համակարգի ստեղծման ճանապարհով: Իսկ Վանաձորի համայնքի ներկայացուցչին անհանգստացնում էր դիարանի տեղակայման հարցը։ Այս առթիվ նշվել է, որ դիարանը չի տեղակայվելու նորակառույց համալիրի տարածքում, ուստի չի երևալու պալատներից: