Նախագահական ընտրությունների մասնակցության ձևաչափի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո ԲՀԿ-ի ավելի ընդդիմադիր տրամադրված հատվածի մոտ անկումային տրամադրություններ են: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Այդ շրջանակները, որ ըստ էության, ատում են Սերժ Սարգսյանին, բոլորովին այլ սպասելիքներ ունեին Ծառուկյանից ու հիմա իրենց խաբված են զգում: Մոտավորապես նույն հոգեվիճակում են նաև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, որ չգիտեն՝ ինչպես հաղթահարել մանթրաժը: Այս ֆոնին բավական ուշագրավ են հրապարակ նետված այն խոսակցությունները, թե 2013-ի մայիսի վերջին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Երևան քաղաքը հանձնվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այսինքն, Երևանի քաղաքապետը ԲՀԿ-ական է լինելու: Ավելին, կայքերից մեկում գրվեց անգամ, թե Բարգավաճի ցուցակը մայիսի վերջին կայանալիք այդ ընտրություններում գլխավորելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սույն խոսակցությունները մասնավորապես հիմնավորվում են որոշ հանրապետականների և բարգավաճականների անցյալ տարեվերջյան այն հայտարարություններով, թե չի բացառվում նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա ձևավորի: Այսինքն, այդ պայմանավորվածությունների շրջանակում էլ Երևանը, իբր, պետք է հանձնվի ԲՀԿ-ին:
Երեկ «ՀԺ»-ն փորձեց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից ճշտել՝ արդեն որոշվա՞ծ է, թե ով է լինելու Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն: «Ոչ, որովհետև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանում» դեռևս որևէ քննարկում չի եղել ընդհանրապես: Ես, իհարկե, կարող եմ ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի ավագանու ընտրություններին, բայց, կրկնում եմ, որևէ քննարկում չի եղել, ուստի ասել, թե ով կգլխավորի ցուցակը, ովքեր կլինեն ցուցակում, կարծում եմ, այդ ամենը խիստ ժամանակավրեպ խոսակցություններ են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Երբ «ՀԺ»-ն նշեց, որ արդեն անգամ իր անունն է շրջանառվում, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Ես, այո, ծանոթ եմ այդ հրապարակումներին, կրկնում եմ. քանի դեռ չեն եղել քննարկումներ որևէ անուն շրջանառելը ուղղակիորեն իմաստ չունի»: Երբ թերթը հիշեցրեց, որ ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները չէին բացառում նախագահական ընտրություններից հետո նոր կոալիցիայի ձևավորումը և հարցրեց, թե որքանո՞վ են հիմնավոր խոսակցությունները, թե հնարավոր է, մայիսի վերջին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Երևան քաղաքը տրվի ԲՀԿ-ին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես առաջին անգամն եմ լսում նման բան, որ որևէ ԲՀԿ-ական խոսացած լինի հնարավոր կոալիցիայի մասին և Երևան քաղաքը տրվի ԲՀԿ-ին»:





