AM
10 Հունվար 2013 - 10:06 AMT

Արաբագետ. Սիրիական ճգնաժամը կարող է հանգուցալուծվել միայն ռազմական ճանապարհով

Սիրիական ճգնաժամի հաղթահարումը տեղի է ունենալու Սիրիայի սահմաններից դուրս: Նման կարծիքի է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետը սիրիական ճգնաժամի հետագա զարգացումների 3 սցենար ներկայացրեց:

Առաջին դեպքում Սիրիայում հաղթանակ կտանի հակամարտող կողմերից մեկը: Ասադը կամ կսպանվի, կամ կհեռացվի իշխանությունից:

Երկրորդ սցենարի դեպքում Սիրիան կմասնատվի կրոնական և էթնիկ սահմաններով: Այս սցենարը, սակայն, ըստ Արմեն Պետրոսյանի, քիչ հավանական է, քանի որ դա ձեռնտու չէ ուժային կենտրոններին:

Երրորդ սցենարը փոխհամաձայնությունն է հակամարտող կողմերի միջև, ինչը ենթադրում է նաև որոշակի երաշխիքներ արտաքին ուժերի կողմից:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև արաբագետ Սարգիս Գիրգորյանը, ով տեսակետ հայտնեց, որ Սիրիայում այսօր այնպիսի իրողություն է ստեղծվել, որ սիրիական ճգնաժամը կարող է հանգուցալուծվել միայն ռազմական ճանապարհով: