2013 թվականը Սիրիայում բուռն սկսվեց: Դամասկոսի կենտրոնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձը, 7 ամիս լռությունից հետո, կոչ էր Սիրիայի ժողովրդին դիմակայելու: Սիրիայի նախագահն իր ելույթում հնչեցրեց սիրիական ճգնաժամի հաղթահարման հիմնական դրույթները, որոնք մինչ այդ արդեն հայտնել էր տարբեր առիթներով: Ելույթում կոչ կար նաև ուղղված արտաքին խաղացողներին՝ դադարեցնել զինել Սիրիայի ընդդիմությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Սիրիայի նախագահի ելույթը, նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Արաբագետը Ասադի այս ելույթը որակեց որպես կոշտ և ոչ իրատեսական, քանի որ հակամարտությունը դուրս է եկել Սիրիայի տարածքներից:
«Ասադի ուղերձում հստակ ասվում էր, որ նա կհամագործակցի այն ուժերի հետ, ովքեր Սիրիային չեն դավաճանել: Այսինքն իր դեմ դուրս եկած ուժերի հետ նա համագործակցության չի գնա»,- ասաց Արմեն Պետրոսյանը:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև արաբագետ Սարգիս Գրիգորյանը, ով նկատեց, որ Դամասկոսի սրտում հնչեցված այս կոչը հստակ «մեսիջ» էր, որ Դամասկոսի շուրջ կռիվները լուրջ ընթացք կստանան և Բաշար Ասադը գնալու է մինչև վերջ: «Իսկ Ասադի դիրքորոշումը պետք է լինի այնքան կոշտ, որքան որ Արևմուտքից ֆինասավորվող ընդդիմությանն է»,- ասաց արաբագետը:
Արմեն Պետրոսյանն էլ առաջիկա ամսվա ընթացքում ռազմական գործողություններում որոշակի դադար է կանխատեսում: «Ընդդիմությունը նպատակ ունի վերազինվել, համալրել իր ուժերը»,-նկատեց նա:





