AM
10 Հունվար 2013 - 10:34 AMT

Բժիշկներին մարդու օրգանների վաճառքի մեջ մեղադրող քաղաքացին պատրաստվում է դիմել Եվրադատարան

Հայաստանում մարդու օրգանների առքուվաճառքի մաֆիա կա`Մարգարյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վիրաբույժ Գեորգի Օկոևի մասնակցությամբ և իրավապահ մարմինների աջակցությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Կարապետ Կարապետյանը` կնոջ` տուժող Նունե Մաղաքյանի շահերի պաշտպանը:

«Կինս մի քանի կիստա է ունեցել, մենք վիրահատական միջամտության համաձայնություն ենք տվել, բայց Գեորգի Օկոևը կիստաներից բացի, առանց մեր համաձայնության, հեռացրել է նաև նրա վերարտադրողական օրգաններն ու կարել միզածորանը: Վիրահատությունից հետո ինձ ասաց, որ արգանդի էքստեպսացիա է կատարել, ես չհասկացա՝ ինչ է դա նշանակում, միայն 4 օր հետո ենք իմացել` ինչ է իրականում կատարվել», – պատմեց Կարապետ Կարապետյանը:

Նրա խոսքով` Հայաստանում 3 դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել, բայց ոչ մեկը ինքն արժանահավատ չի համարել, որովհետև բոլոր բժիշկներն ընկերներ են ու «3 րոպե տևում է միայն նրանց ողջագուրվելը»: Գերմանացի բժիշկ-փորձագետի է դիմել, որն էլ իր եզրակացությունում նշել է` վիրահատթությունը պայմանավորված չի եղել կյանքի ցուցումով:

«Այսինքն` կարող էին վիրահատությունն ընդլայնելուց առաջ մեզ տեղյակ պահել, համաձայնություն հարցնել: 7 ամսվա ընթացքում կատարված 5 վիրահատությունից 4-ը առաջինի հետևանքով էին: Միզածորանի կարի մասին էլ կարող էին ավելի վաղ իմանալ, բայց միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում ենք այդ մասին իմացել, երբ ձախ երիկամն արդեն այն վիճակում էր, որ հեռացնելուց բացի այլ ելք չէր մնում: Վիրահատությունից առաջ ստորագրված համաձայնագրում նշված էր նաև, որ այն պիտի մեզ վերադարձնեն, բայց երբ պահանջեցինք, ասացին` փորձաքննության են ուղարկել: Ի՞նչ փորձաքննություն, ես այդպիսի բան չեմ պահանջել: Այս ամենի արդյունքում ես համոզված եմ, որ առաջին վիրահատությունից սկսած բժիշկներն ամեն ինչ հենց սրան էին տանում», – ասաց Կարապետ Կարապետյանը:

Նա առանձնացրեց նաև այն փաստը, որ 2008թ. հոկտեմբերի 30 տեղի ունեցած վիրահատությունը պետպատվերով ձևակերպել են նախորդ օրվա ամսաթվով, մինչդեռ ազատամարտիկներին, օրինակ, երկար սպասեցնում են:

Կարապետ Կարապետյանը նշեց` 2010թ. քրգործ է հարուցվել, որը փորձել են գաղտագողի կարճել, ապա տեղեկացրել են, որ կասեցվել է: Գործը Կենտրոնականի քննչական բաժնում էր, Գագիկ Բեզոյանի վարույթում: Կարապետ Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել Եվրադատարան: