Երևանի պահպանության նախաձեռնությունների միավորումը Փակ շուկայի խնդրի առնչությամբ այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան պրն. Նախագահ, արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի սրտում տեղի է ունենում օրենքի բացահայտ և հետևողական խախտում։
Հասարակութունը առաջին իսկ օրվանից շարունակաբար, ահազանգում է տեղի ունեցող օրինախախտման մասին, ինչի հետևանքով Ծածկած շուկայում իրականացվող շինարարական աշխատանքները մեկ անգամ դադարացվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայամանով, որ կարող են վերսկսվել միայն հուշարձանի վերակառուցման նախագիծ ներկայացնելուց և պետական լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալուց հետո։ Ցավոք, մինչև քաղաքապետարանի այդ որոշումը, շենքը արդեն իսկ ենթարկվել էր մասնակի բարբարոսական ավերման։
Բացի այդ, թե՛ Քաղաքապետարանը, թե՛ մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունները, և թե՛ Ծածկած շուկայի շենքի սեփականատերը վստահեցնում և երաշխավորում էին, որ վերակառուցման աշխատանքները որևէ կերպ չեն ազդելու շենքի նախնական կերպարային, կոնստրուկտիվ, ծավալատարածական լուծման վրա։
Այդուհանդերձ, զրոյական նիշի մակարդակով աշխատանքներ անելու թույլտվություն ստանալուց հետո, Ծածկած շուկայի սեփականատերը շարունակել է ապօրինի շինարարությունը՝ քանդելով շենքի կեսը ներսից, մտցնելով դրա մեջ մի նոր կառույց, որը որևէ կապ չունի հուշարձանի ոչ նախնական, ոչ էլ վերակառուցման որևէ գիտամեթոդական մոտեցման տեսանկյունից ընդունելի տարբերակի հետ։
Փաստորեն, պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար և միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս, որի հետևանքով հուշարձանը կորցրել է իր կերպարային ամբողջականությունը։ Օրենքի հետևողական խախտումը շարունակվում է առ այսօր, պատասխանատու գործադիր գերատեսչությունների (մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, Երևանի քաղաքապետարան) պասիվ և կասկածելիորեն անտարբեր դիրքորոշման պայմաններում։
Ակնհայտ է նաև, որ գերատեսչությունները փորձում են ազատվել պատասխանատվությունից, գցելով այն մեկը մյուսի վրա, չնայած, որ օրենքը հստակ սահմանում է հուշարձանի պահպանության և օգտագործման հետ կապված գործընթացների հերթականությունը, և սեփականատիրոջ ու յուրաքանչյուր պետական մարմնի պարտավորություններն ու պատասխանատվության սահմանները: Ու մինչդեռ պատասխանատու գերատեսչությունները շարունակում են քայլեր չձեռնարկել՝ կանգնեցնելու համար այդ բացահայտ օրինազանց վանդալիզմը, Երևանը կորցնում է իր ամենանշանավոր հուշարձաններից մեկը, իսկ հանրությունը կորցնում է իր վստահությունը Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔԻ գերակայության գաղափարի նկատմամբ։
Մյուս կողմից, Ձեր իսկ գլխավոր ելույթներում մշտապես շեշտվում է Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, սակայն այս դեպքը Օրենքի ընտրովի կիրառման ճչացող օրինակ է, և դժվար է պատկերացնել, ինչպես է քաղաքապետարանը քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող մնացած քաղաքացիներից պահանջելու հետևել օրենքին:
Հարգարժան պրն. Նախագահ,
Դիմում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադության և օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովող ԵՐԱՇԽԱՎՈՐԻ։ Խնդրում ենք հնարավորինս շուտ միջամտել ստեղծված անհասկանալի իրավիճակին և կանխել օրենքի նման ցինիկ խախտումը, որի հետևանքով վերանալու է Երևանի նշանային և ամենասիրելի կառույցներից մեկը։ Պահանջում ենք, որ Շուկայի տարածքում ապօրինի առաջացած նոր կառույցը օր առաջ ապամոնտաժվի և հուշարձանը վերականգնվի իր նախկին տեսքով:
Հարգանքով,
Երևանի պահպանության նախաձեռնությունների միավորում»:





