AM
25 Հունվար 2013 - 09:36 AMT

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախորդ տարի 130 մարդ է ձերբակալվել

ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի կողմից 2012 թվականի ընթացքում անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 2 նյութերի նախապատրաստման և 89 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նախապատրաստված նյութերից 1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է` արդարացման հիմքով, իսկ մյուս նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

Վարույթում գտնվող քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 130 անձ, որոնցից 84-ը գտնվել են նախնական կալանքի տակ: Քննված 89 քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 104 անձի վերաբերյալ 42 քրեական գործ, կարճվել է 2 և կասեցվել 24 քրեական գործի վարույթ, 1 գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 9 քրեական գործեր միացվել են, անավարտ է մնացել 11 գործ:

Ստուգվել է 15 քրեական գործերով վարույթը կարճելու և 62 քրեական գործերով վարույթը կասեցնելու մասին որոշումների օրինականությունը: Ստուգման արդյունքում քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վերաբերյալ օրենսդրական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ 2 քրեական գործերով վերացվել են գործով վարույթը կարճելու մասին որոշումները և դրանք ուղարկվել են նախաքննության: Երկու քրեական գործերով տրվել են գրավոր ցուցումներ: 2012 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնում մուտք է եղել քաղաքացիների կողմից ներկայացված 163 դիմում-բողոք: