Այս տարի սոցցացները կազմել են ընտրարշավի անբաժան մասը: Դրանց շարքում առաջատար է համարվում Facebook-ը, որից ակտիվորեն օգտվում են նախագահի թեկնածուները` իրականացնելով քարոզարշավ ինչպես իրենց անձնական էջերով, այնպես էլ խմբերի օգնությամբ:
«Ներկայումս Facebook մոնոպոլիստ է: Թեկնածուներից ամենաակտիվը այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Twitter-ը որոշ չափով աշխուժացավ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո»,- նման կարծիք հայտնեց բլոգեր, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր կայացած «Բլոգոսֆերայի, սոցցանցերի, համացանցի ազդեցությունն ու ներգրավվածությունը ընտրական գործընթացներում» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների և նախագահական ընտրությունների տարբերություններին՝ «Լրագրողներ հանուն ապագայի» Հկ նախագահ Լաուրա Բաղդասարյանը նշեց. « Facebook-ը ձևավորում է ընտրական դիսկուս: Ներկայումս այն գործիք է, որն օգտագործում է ամբողջ հայաստանյան հանրությունը, ուստի այն շատ է կարևորվում թեկնածուների կողմից: Ցանցի միջոցով թեկնածուները կատարում են նաև կազմակերպչական աշխատանքներ: Այս առումով ցանցը շատ են օգտագործում Հ. Բագրատյանն ու Պ. Հայրիկյանը»:
«Ինտերնյուս» ՀԿ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը Facebook-ը դիտարկեց որպես խողովակ, որի միջոցով տարածվում են լուրեր նաև բազմաթիվ այլ ցանցերից: «YouTube-ում բավականին հոլովակներ են տեղադվրում, որոնք տարածվում են Facebook-ի միջոցով: Ինչ վերաբերում է Twitter -ին, ապա չգիտեմ՝ ինչու Հայաստանում այն «անբախտ» է: Եթե թեկնածուները իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են նույն ինֆորմացիան, ինչ իրենց պաշտոնական կայքէջերում, ապա ցանցերի կիրառումը անիմաստ է դառնում: Սոցցանցերը նախատեսված են սեփական գրառումների համար: Մարդիկ ուզում են կարդալ այն, ինչ գրում է թեկնածուն»,-հավելեց փորձագետը:
Էջերի հավանումների քանակով առաջատարն է «Ժառանգություն» կուսակցության էջը` 14.350 , հաջորդը Վարդան Սեդրակյանի էջն է`5 հազար, այնուհետև Պարույր Հայրիկյանի էջը` 4 հազար: Ամենաքիչ հավանումներն ունի Արման Մելիքյանի էջը ՝650: Ինչ վերաբերում է գործող նախագահին, ապա վերջինս ֆեյսբուքում էջ չունի:
Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ իրենք երբեմն գրառումներ են կատարում նաև Twitter-ում, բայց գերադասում են Facebook-ը, քանի որ այն ինտերակտիվություն է ստեղծում: «Այսօր Facebook-ը հաճախ առաջ է անցնում բոլոր լրատվամիջոցներից: Շատ դեպքերում այն ինքն է թելադրում և որոշում քաղաքական գործընթացը»,-հավելց նա:
Այս տեսակետի հետ այդքան էլ չհամաձայնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» փորձագետ Գևորգ Հայրապետյանը. «Պետք չէ գերագնահատել Facebook-ի դերը: Եթե Հայաստանում կա ֆեյբուքյան 395 հազար օգտատեր, դա դեռ չի նշանակում, որ նրանք բոլորը հետաքրքրված են ընտրական շրջանով: Նրանցից շատերին չեն հետաքրքրում քաղաքական իրադարձությունները: Նրանք ցանցի միջոցով պարզապես շփվում են»,-հավելեց փորձագետը:
« Facebook-ը 2008 թվականի բլոգերային համակարգի շարունակությունն էր: Այն ժամանակ կային անհատական հեղինակներ, իսկ այսօր շատ մարդիկ ունեն անհատական հաշիվներ, որոնցում հաճախ նաև բացասական բաներ են գրում: Facebook-ը լուծեց այն խնդիրը, որը բլոգները չկարողացան: Facebook-ն օպերատիվ է»,-նշեց « EMedia» լրատվական կայքի տնօրեն Սեդրակ Մկրտչյանը և հույս հայտնեց, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ակտիվորեն կօգտագործվի նաև Twitter-ը:





