ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ընտրախախտումների մասին արված հայտարարություններն ինքն անհեթեթ բամբասանք է համարում:
ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբերը մի շարք խախտումներ են արձանագրել։ «Երեկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը հանձնաժողովի երկու անդամների մեջտեղում նստելու վստահված անձի իր տեղը զիջել է Բագրատյանի և Հովհաննիսյանի ներկայացուցիչներին: Եթե իրենք մեր վստահված անձանց և հանձնաժողովին չեն վստահում, թող բարի լինեն գնան, նստեն և վերահսկեն: Ասելով չի, թող փաստեր ներկայացնեն: Չի սազում նախկին վարչապետին և նախագահի թեկնածուին՝ առանց փաստերի նման հայտարարություններ անել»,- ասել է Շարմազանովը: Նա նշել է, որ ոստիկանությունը և դատախազությունը շատ օպերատիվ են աշխատում, և լրագրողները կարող են 24 ժամ գտնվել տեղամասում և նկարահանումներ անեն:
«Խախտում անելը խաղ ու պար չէ: Այնպես որ, բամբասանք անելու փոխարեն, պարոն Բագրատյանը և Հովհաննիսյանը ճիշտ կանեն օգտվեն այն բարի կամքից, որը ցուցաբերել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, թող օգտվեն այն նվերից, որն արել ենք մենք իրենց և վերահսկեն պրոցեսը»,- ավելացրել է նա:





