«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր և Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները ինչպես և խոստացել է, կներկայացնի այսօր` ժամը 17:00-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ որևէ բան ինքը հայտնել չի կարող և հորդորեց սպասել է ժամը 17:00-ին, երբ, իր խոսքով, շատ հետաքրիքր ու անսպասելի բաներ կլսենք:
Մինչ «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվում են հանդիպման բովանդակությունից որևէ բան հայտնել, դա անում են ՀՀԿ ներկայացուցիչները: «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո ՀՀԿ նախագահը ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներկայացրել է իրենց զրույցի մանրամասները: Նա ասել է, որ հանդիպումն անցել է բավական «կառուցողական» մթնոլորտում: Ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել է հետընտրական զարգացումների երեք սցենար.
Առաջին` Րաֆֆին դառնում է ընդդիմության նոր բևեռ, պայքարը կառուցում քաղաքակիրթ նորմերի վրա, ընդունում է, որ այս ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը և ըստ այդմ էլ շարունակում է քաղաքական դաշտում իր պայքարը:
Երկրորդ` Րաֆֆին և իր համախոհները գնում են ռադիկալ քայլերի` պատրաստ լինելով իրենց նկատմամբ նույնանման արմատական քայլերի ու որոշումների իշխանությունների կողմից:
Եվ երրորդ` Րաֆֆին համագործակցում է ՀՀԿ-ի հետ, ու «աշխատում են միասին»:
«Միանշանական մի բան կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է իր քայլերը ժողովրդի կողմից տրված քվեի, վստահության շրջանակներում և հանուն Հայաստանի Հանրապետության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա հնարավոր է համարում, որ գործող նախագահը հանձնի իշխանությունը, խորհրդարանական նոր ընտրություններ նշանակվեն, կոալիցիա կազմվի, ձևավորվի նոր կառավարություն: «Նոր խորհրդարանական ընտրություններից հետո կլինի նոր կոալիցիա, վստահություն ստացած կոալիցիա, որը կձևավորի նոր կառավարությունը, որը կկառավարի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչապետը այլ կլինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:





