AM
1 Մարտ 2013 - 08:56 AMT

Լարիսա Ալավերդյան. Եթե ժողովուրդը իր պահանջատիրությունը թուլացնի, դա կլինի մեր պարտությունը

Մինչև չբացահայտվի մարտի 1-ի գրավոր հրահանգ տվողը, այս էջը չի փակվի: Պատասխանատվություն կրողը պետք է հայտնաբերվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավուքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Տարիներ շարունակ նշում եմ, որ ինչ-որ հայտարարություններով անհնար է փակել մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի հարցը: Ես այսօր արթնացել եմ 06.40-ին, հենց այդ ժամին է տեղի ունեցել մարտի մեկի այդ ծեծկռտուքը: Այդ սպանդի կազմակերպիչները պետք է պատժվեն: Եթե հասարակությունը իր պահանջատիրությունը թուլացնի, ապա դա կլինի մեր պարտությունը: Մարտի 1-ին մոտ 220 զինվոր է վիրավորվել, որոնց հետ այդպես էլ չկարողացանք հանդիպել»,-ասաց Ալավերդյանը:

Վերջինիս խոսքով` ապրիլի 9-ին կառավարությունը պետք է հրաժարական տա: Ժողովրդի բողոքն արդար է: Իշխանությունը պետք է այնպես անի, որ բողոքող ժողովուրդը տեսնի, որ նախագահը պատրաստ է հրաժարվել այս քաղաքականությունից: Իսկ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ոչ միասնական հանդես գալու պատճառով ունեցանք այսօրվա խորհրդարանը: Սակայն, ինչպես նշեց բանախոսը, դեռ ուշ չէ:

Ալավերդյանի խոսքով` չպետք է մեր ներքին խնդիրները թույլ տան մեզ կորցնել մեր ինքնապահպանության բնազդը: Ընդդիմություն լինելը քաղաքականության մեջ պատվավորեցնող դիրք է: Սակայն ընդդիմությունը հետևողական չէ: Բանախոսը կարծում է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը չեն գնա սրացումների: Պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը:

«Եթե մտածեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրեշտակ է կամ հերոս, ապա մենք կկորցնենք ամեն ինչ: Հասարակությունը օրեցօր հասունանում է: Քաղաքակիրթ երկրի ճանապարհ կունենանք միայն հասուն քաղաքացիական հասարակության շնորհիվ»,-նշեց Ալավերդյանը` հավելելով, որ «Ժառանգության» ներկայացրած ծրագրի ջատագովն է: