2008թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր թեկնածուներից մեկը պաշտոն ստացավ՝ դառնալով գործող իշխանությունների կատարած հանցագործությունների հանցակիցը: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառանլով հարցին, թե հնարավոր է, որ «Ժառանգության» ներկայացուցիչները նոր կառավարությունում որևէ պաշտոն ստանձնեն և դա լինի ստեղծված իրավիճակի լուծումը:
Հիշեցնենք, որ 2008-ին ընդդիմադիր թեկնածուն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր, ում կուսակցությունը ընտրություններից հետո ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեց: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատասխանելով Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոռեկտության կոչ արեց և նկատեց, որ համապետական ընտրություններից հետո ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր հետագա քայլերի հաջորդականությունը: ՕԵԿ խմբակցության ղեկավարը Զարուհի Փոստանջյանին և մյուսներին, ովքեր նման հայտարարություններ են անում, խորհուրդ տվեց մտածել, հետո արտահայտվել:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր հերթին նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր ճանապարհը: «Մեր ժողովրդի անվտանգությունն ավելին արժե, քան մեր սեփական շահերը: Մենք ստորադասել ենք մեր նեղ կուսակցական, անձնական շահերը մեր ժողովրդի, պետության շահերից: Մեզ համար միշտ ընդունելի է եղել խոհեմ համագործակցությունը, քան անխոհեմ քայլերը: Չի կարող օրինապաշտ մարդը մի կողմից` օրենքից խոսել, մյուս կողմից՝ օրինազանցություն կատարել»,- ասաց պատգամավորը՞
ՕԵԿ խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց. «Թե ում քայլերն են իմիտացիոն, ումը՝ ոչ, ժամանակը ցույց կտա, իսկ եթե այնքան ուժեղ են ուզում լինել, որքան Արթուր Բաղդասարյանը, ապա պետք է վեր կանգնեն մորթապաշտ քայլերից և ժողովրդի մասին մտածեն»: Հեղինե Բիշարյանը նաև անդրադարձավ դասադուլների թեմային և նկատեց. «Չի կարելի խաթարել դասապրոցեսը, դա դատապարտելի քայլ է»:
Ըստ նրա` «Ժառանգությունը» պետք է կարողանար պահել և պահպանել իր ձայները, որպեսզի հետո չկասկածեր ընտրությունների արդյունքների վրա, իսկ եթե բողոքարկումներ չեն եղել, արձանագրություններ չեն կազմվել, ուրեմն պետք չէ որևէ մեկին անհասցե մեղադրել: «Ո՞ւր էին ձեր կուսակցության անդամները, եթե ձեր կուսակցության անդամներն են ձեզ դավաճանել, ձեր գործընկերնեն են ձեզ դավաճանել, ապա դատապարտելի է հիմա նման գործելաոճը»,- ասաց ՕԵԿ պատգամավորը:





