Այսօր «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարությանն է նվիրաբերել հատուկ սահնակ-պատգարակ։ Այն փրկարարներին հնարավորություն կտա արտակարգ դեպքերի ժամանակ դժվարանցանելի ճանապարհով տեղափոխել տուժածներին:
Սահնակ-պատգարակը ՀՀ ԱԻ նախարարությանը հանձնեց «Հաշմանդամների Փյունիկ միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը` նախարար Ա. Երիցյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանին ներկայացնելով պատգարակի օգտագործման եղանակը։
Նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Արմեն Երիցյանը նշել է, որ նման պատգարակի կարիք իրոք զգացվում էր։
Դա է վկայում նաև երեկ` մարտի 4-ին Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ Ապարանի բժշկական կենտրոն մեկնող ավտոմեքենան ձնաբքի պատճառով արգելափակվել էր և անհրաժեշտ էր եղել դիմել փրկարարների օգնությանը:
Դեպքի վայր էին մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարները` «Ուրալ» ամենագնաց ավտոմեքենայով, սակայն Նիգավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան կանգ էր առել։ Հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել էին ոտքով ու 1995 թ. ծնված Ռազմիկ և Պետրոս Մարտիրոսյաններին պատգարակով հասցրել «Ուրալ» ավտոմեքենային:





