AM
5 Հոկտեմբեր 2005 - 11:18 AMT

Ջ. դի Ստազին առաջարկում է ստեղծել տեղական ինքնակառավարման մարմինների տարածաշրջանային կենտրոն

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը ողջունել է Եվրախորհրդի կոնգրեսի եւ Հայաստանի կառավարության միջեւ հաստատված գործնական հարաբերությունները: «Տեղական ինքնակառավարման կայացած մարմինները պետության կայունության կարեւոր գործոն են»,-շեշտել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, ապակենտրոնացումը տարածքային քաղաքականության հիմնական ուղղությունն է, ինչն ամենից առաջ նշանակում է տեղական ինքնակառավարման զարգացում: Ըստ Հայաստանի նախագահի, այդ ուղեգիծն իր արտահայտությունն է գտել նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ: Եվրախորհրդի կոնգրեսի նախագահն առաջ է քաշել տեղական ինքնակառավարման մարմինների տարածաշրջանային կենտրոնի ստեղծման գաղափարը, ինչն, ըստ նրա, կնպաստի դրանց միջեւ տնտեսական, սոցիալական, մշակութային համագործակցության հաստատմանը: Ողջունելով այդ գաղափարը, Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության օգտին եւ այն կարծիքին է, որ համագործակցությունը կօգնի կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ կնպաստի տարածաշրջանային հիմնախնդիրների ավելի հեշտ կարգավորմանը: