AM
11 Մարտ 2013 - 12:02 AMT

Ապրիլի 1-ից Երևանում կսկսվեն կանաչապատման աշխատանքները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում հունվար-մարտ ամիսների ընթացքում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է համապատասխանաբար 318 և 900 բնակիչ: Բարձրացված հարցերի հիմնական մասին տրվել են դրական լուծումներ:

Չթույլատրված վայրերում, այդ թվում մայթեզրի հատվածերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման, ինչպես նաև չնախատեսված վայրերում մեքենաների վաճառքի կազմակերպման հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացված հսկողություն իրականացնել:

«Համապատասխան ծառայությունների հետ համատեղ պետք է առավել խիստ ու հետևողական լինել և օրենքով տրված լիազորությունների շրջանակում անել ավելին, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների հարմարավետությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կանաչապատման և ձևավորման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները քննարկվել են մասնագետների հետ և հաստատված դենդրոնախագծերին համապատասխան ապրիլի 1-ից կսկվեն ձևավորման աշխատանքները:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և կանաչապատման նախապատրաստական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Տնտեսվարողներին են ուղարկվում նաև համապատասխան ծանուցումները` կից սխեմաներով: