Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի նախկին թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների հիման վրա գործերի միասնական կարգով քննությունը:
Անդրիաս Ղուկասյանը դատարանին ներկայացրել է իր հացը: Նախկին թեկնածուն հայցին կից աղյուսակ է ներկայացրել, որում, ինչպես ինքն է ասում, երևում է, որ 414 տեղամասերի տվյալներում կան անհամապատասխանություններ:
Անդրիաս Ղուկասյանը նաև հղում է անում Սերժ Թանկյանի՝ Սերժ Սարգսյանին գրած նամակին, որում գործող նախագահը հայտարարել էր, որ ընտրությունները կատարյալ են եղել, և ինքն է կազմակերպել դրանք:
«ՀՀ նախագահը ինքն է ստորագրել ընտրական օրենսգիրքը և վավերացրել, նա չի կարող չիմանալ 37 հոդվածի մասին, մենք պիտի բացառենք, որ նա կարող էր չիմանալ, որ ընտրությունները կազմակերպում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը: Նա նաև պետք է իմանար միջազգային պարտավորությունների մասին, որոնցով արգելվում է, որ ընտրությունները կազմակերպեն պետական մարմինները կամ նախագահը: Պետության գլուխը չէր կարող չիմանալ, որ Հայաստանն ունի նման պարտավորություններ: Չէր կարող չիմանալ Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որ յուրաքանչյուր անձ ունի այն պարտավորությունները, որոնք սահմանված են օրենքով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը լսեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որը ներկայացրեց ՍԴ-ում նախկին թեկնածուի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը:





