AM
13 Մարտ 2013 - 08:34 AMT

ՄԻՊ զեկույց. Էկոնոմիկայի նախարարությունը փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված մեխանիզմներ չի ներդրել

Այսօր հրապարակվել է ՄԻՊ զեկույցի Էկոնոմիկայի նախարարությանը վերաբերող մասը: ՄԻՊ գրասենյակից PanARMENIAN.Net-ը տեղեկանում է, որ Էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

• Դեռևս բավարար չէ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված արդյունավետ օրենսդրական և այլ մեխանիզմների ներդրումը:

• Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել կապված` լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կողմից լիցենզիաների տրամադրման ընթացքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցառումների կիրառման բացակայության հետ:

• Չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու և դրանք վերացումից պաշտպանելու համար:

• Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ապրանքների պարտադիր մակնշմանն առաջադրվող պահանջների պահպանման վերաբերյալ:

• Խիստ մտահոգիչ է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության բնագավառում անհրաժեշտ համալիր միջոցառումների իրականացման արդյունավետության ցածր մակարդակը:

• Մի շարք թերություններ են գրանցվել՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջները և չափագիտական կանոններն ու նորմերը չպահպանելու կապակցությամբ:

Արձանագրվել են նաև դրական զարգացումներ: Դրանք են`

• 2012թ. ընթացքում զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:

• Տարբեր ոլորտներում իրավախախտում թույլ տված մի շարք տնտեսավարող սուբյեկտներ ենթարկվել են պատասխանատվության:

• Նախարարությունը քաղաքացիների կողմից ստացել է 56 շնորհակալական նամակներ «Թեժ գիծ» ծառայության կողմից համապատասխան արձագանք ստանալու կապակցությամբ:

• Ողջունելի է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրած պետական քաղաքականությունը: Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Գյուղատնտեսության նախարարության բաժինը։