AM
13 Մարտ 2013 - 10:01 AMT

Զինված ուժերում հոգեբանի ներկայությունը շատ խնդիրներ կկանխի

Զինված ուժերում ռազմական հոգեբանի առկայության անհրաժեշտությունը որևէ կասկածի ենթակա չէ: Կարծիքը հոգեբան Կարինե Նալչաջյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ ասել է նաև, որ ՀՀ ԶՈՒ-ում սպա հոգեբանների ինստիտուտի վերջնական ներդրումն և կատարելագործումը կօգնի նաև բանակում առկա խնդիրների լուծման գործին:

«Բանակում հոգեբանական խնդիրներ են ունենում ոչ միայն զինվորները, այլև սպաները: Նրանց աշխատանքը դժվար է, գիշեր-ցերեկ անձրևի, ձյան տակ են, անձնական կյանք չունեն, նրանց հարկավոր է գնահատել ու քննադատելուց առաջ հասկանալ, որ այդ սպաներն իրենց կյանքն անցկացնում են զորքերում: Հոգեբանի մուտքը զորքեր անհրաժեշտ է»,- համոզված է Կ.Նալչաջյանը:

Նրա խոսքով հոգեբանի գործը զորքերում տարբեր ուղղվածություն ունի. «Եթե մենք խոսում ենք սպա հոգեբանների մասին, ապա այս առումով իրապես անհրաժեշտ է, որպեսզի ԶՈՒ-ում հոգեբանական ծառայություններ մատուցի միաժամանակ ռազմական ոլորտի մասնագետի որակավորում ունեցող անձը: Սա ենթադրում է խիստ արդյունավետ համադրություն: Անկախ այն հանգամանքից, թե որքան բարձր են հոգեբանի մասնագիտական որակները, ռազմական ոլորտը շատ սպեցիֆիկ և յուրահատուկ է: Այս տեսանկյունից արհեստավարժ սպայի աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է Կարինե Նալչաջյանը:

Նրա խոսքով ներկայումս ՀՀ զինված ուժերում հոգեբանի գործառույթներ իրականացնող սպաները հիմնականում Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի շրջանավարտներ են, որոնք թեև տիրապետում են հոգեբանության հիմունքներին իրենց կրթության բերումով, սակայն արհեստավարժ հոգեբաններ չեն: Նրանց համար պետք է պարբերաբար կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, իսկ նման ծրագիր արդեն նախապատրաստում է ԵՊՀ-ում գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը: