AM
13 Մարտ 2013 - 11:46 AMT

Միջնորդույթուններ. ՍԴ նախագահի մոտ տպավորություն է, որ Սերժ Թանկյանին էլ են որպես վկա հրավիրելու

Զարուհի Փոստանջյանը ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննության շրջանակներում միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարանին՝ Սերժ Սարգսյանին որպես վկա հրավիրել դատարան: «Կազմակերպիչ լինելու հանգամանքը դատարանում պարտավոր ենք պարզել: Պարզաբանություններ պետք է ստանալ նրա հաայտարարությունների հետ կապված, որոնք իրենց մեջ պարունակում եմ զինամթերքի, բռնության և ապագա վտանգների մասին հաղորդում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Առարկում եմ միջնորդության դեմ»,- ասաց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը և ավելացրեց, որ դատարանը հետաքրքրությունը բավարարելու տեղ չէ: «Դատարանի լիբերալ լինելն է պատճառը, որ դիմող կողմերը նման միջնորդություններ են ներկայացնում: Ես ընտրությունների կազմակերպման հետ կապված պարզաբանեցի»,- ասաց նա: «Տպավորություն է, որ Սերժ Թանկյանին էլ ենք որպես վկա հրավիրելու»,- ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Զարուհի Փոստանջյանը մեկ այլ միջնորդություն ներկայացրեց՝ ՍԴ բերել 1988 պարկերը և բոլորի ներկայությամբ պարզելու դրանց պարունակությունը: «Մեր դիմումները, որ միակ միջոցն էր, չեն բավարարվել: Բոլոր պատասխանատուներն ուղղակի անգործություն են դրսևորել»,- ասաց նա:

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հարցրեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ երկու օր է մնացել որոշում կայացնելու համար, ինչպե՞ս պետք է կազմակերպենք ձեր միջնորդությունը: 1988 պարկ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում բավարարենք»: «Կարող են ուղղակի Սահմանադրությունն անիմիջապես կիրառելով, երկարացնել ժամկետը, և ընդամենը երեք օրում բացել պարկերը և պարզել, թե ինչ էր խփում Սերժ Սարգսյանը: Ցանկության դեպքում կարելի է ուղղակի կիրառել Սահմանադրությունը»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը:

«Այսիքնքն խախտելով Սահմանադրությունը կիրառե՞լ Սահմանդրություն»,- արձագանքեց Ֆելիքս Թոխյանը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր հերթին հայտարարեց, որ առաջարկում են մերժել միջնորդությունը: «Օրվա հետ կապված պարզաբանումը տրվեց: Իրենք ունեցել են լիակատար հնարավորություն լիարժեք վերահսկողություն իրականացնելու՝ վերահաշվարկի, անվավերության դիմումների միջոցով»,- ասաց նա: Նշենք, որ դիմող կողմը մի շարք միջնորդություններ է ներկայացրել, այդ թվում դատարան այլ վկաներ հրավիրելու մասին: