AM
14 Մարտ 2013 - 09:28 AMT

Հովսեփ Խուրշուդյան. Անգամ եթե չթույլատրեն, մենք կտեղադրենք վրանը

Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների և ոստիկանության ներկայացուցիչների միջև բանակցությունը` վրան տեղադրելու համար:

«Որոշ ֆորմալություններ կան, որ պետք է արվեն, իրենք հարցը տեղափոխում են ֆորմալ դաշտ, ինչն ավելի է սրում իրավիճակը: Ժամը 17.00-ին, մամուլի ասուլիսից հետո կգնանք հարթելու այդ ֆորմալությունները ու կտեղադրենք վրանը: Մի բան հստակ է՝ օրենքի տեսակետից մենք ճիշտ ենք»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ հիշեցրեց, որ 2011-ին էլ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, տեղադրել են վրան: «Էլի փորձեցին խոչընդոտել, բայց մենք ամեն ինչ արեցինք օրենքի սահմանում: Վրանն այսօր կտեղադրենք, որ ապահովենք հացադուլավորի համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Անգամ եթե թույլտվություն չտան, մենք կդեղադրենք վրանը»,- ասաց նա:

«Ոստիկանությունն առաջնորդվում է Սահմանադրությամբ ու ՀՀ օրենքներով: Մնացած մանրամասների համար դիմեք մամուլի ծառայությանը»,- Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հետ զրույցից հետո հայտարարեց ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը: