AM
18 Մարտ 2013 - 08:55 AMT

ԱԻՆ. Ցրտահարության վտանգ չկա

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների ու արձագանքման միջոցառումների մասին: Ս. Ազարյանը նաև տեղեկացրել է, որ բոլոր մարզերում ջրածածկումների թեմայով ուսումնավարժություններ են անցկացվել։ Ճապոնիայի զարգացման միջազգային գործակալության հետ համատեղ սկիզբ է դրվում սողանքների կառավարման նոր ծրագրի։ Շաբաթվա ընթացքում ճապոնացի մասնագետները հանդիպումներ կունենան տեղացի գործընկերների հետ` քննարկելու ծրագրի հիմնական ուղղությունները։ ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ պատրաստվել է երկրաքիմիական հորատանցքերի վերազինման ծրագրի նախագիծ։ Անցած շաբաթ ՍՊԾ մասնագետներն այցելել են Գառնու դիտարան, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկել այնտեղ առկա 3 հիմնական սարքերի վիճակը և կազմել եզրակացություն, որը պիտի ուղարկվի Մոսկվա` ԳԱԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետներին, որոնք էլ ժամանակին նախագծել և տեղադրել են նշված սարքերը: Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը, ներկայացնելով առաջիկա օրերին սպասվող եղանակի կանխատեսումները, հայտնել է, որ հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն։ Մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում։ ԱԻ նախարարին զեկուցել են նաև, որ նրա հանձնարարականի համաձայն` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար կազմակերպվում են այցելություններ տարբեր մշակութային օջախներ։ Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ԱԻ նախարարության վարկանիշի բարձրացման հետ միաժամանակ` հանրապետության տարբեր ԲՈՒՀ-եր ցանկություն են հայտնում երկարատև պայմանագրեր կնքել նախարարության հետ` իրենց ուսանողների ուսումնական պրակտիկան ԱԻ նախարարության համակարգում կազմակերպելու համար։ Անդրադառնալով խոհրդակցության օրակարգի մյուս հարցերին` նախարար Ա. Երիցյանը հանձնարարել է սերտացնել համագործակցությունը ԼՂՀ փրկարար ծառայության հետ` օժանդակելով կադրերի վերապատրաստման և տեղում ճգնաժամային կառավարման կենտրոն հիմնելու գործում։