AM
20 Մարտ 2013 - 13:41 AMT

Ժիրայր Սեֆիլյան. Նոր քաղաքական սերունդը նախորդի նման ստրկամիտ չի լինելու

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի ժամանակ ներկայացրեց ապագա Հայաստանի վերաբերյալ իր տեսակետները: Նա նշեց, որ իրենք ունեն հստակ ծրագիր, թե ինչ ուղղությամբ պետք է տանել ժողովրդի պոռթկումը: Նա նկատեց, որ այսօրվա շարժումը խնդիր է դրել նոր որակի հայկական պետություն ստեղծել: «Մեր նպատակը սոսկ իշխանափոխությունը չէ, մեր գլխավոր նպատակը համակարգային փոփոխություններ անելն է, այսօրվանից պետք է հստակեցնենք, թե գործող համակարգին ինչով ենք փոխարինում: Վերջին ժամանակներս բազմիցս լսել ենք, թե Րաֆֆի Հովհաննիսյանը թիմ չունի: Մենք ավելի վաղ էլ ենք ասել, նրա թիմը ամբողջ ժողովուրդն է: Մենք գտել ենք մեխանիզմը, որ կհամախբի նոր պետության ստեղծման գաղափարի շուրջ»,- հայտարարեց նա:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ, ըստ իրենց ծրագրի, նոր պետությունը ստեղծվելու է ոչ միայն հայաստանաբնակ ժողովրդի, այլ ամբողջ հայության ներուժով:

Ըստ նրա` եկել է քաղաքական սերնդափոխության ժամանակը. «25 տարվա ցիկլ ենք անցել, մենք նկատի չունենք տարիքը, այլ որակական փոփոխությունը: Ի տարբերություն նախորդ սերնդի, որին հարգում ենք, այսօր եկել է իրերն իրենց անունով կոչելու նոր քաղաքական սերունդը: Նախորդի նման ստրկամիտ չի լինելու, պետք է դուրս գալ այդ որակից»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա նկատեց, որ շարժման ընթացքում կոլեգիալ որոշումներ կայացնելու մշակույթ պետք է արմատավորել: «Բոլորս ծանոթ ենք պատմությունից, որ հեղափոխությունները մտահղանում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, ղեկին հայտնվում են տականքները: Ո՞րն է այն մեխանիզմը, որ այս անգամ դա թույլ չի տալու: «Մենք ունենք այդ ծրագիրը: Մեր այս ամբողջ պայքարի ընթացքում մենք գտել ենք ուղի, որը գործելու է օրենքի և սահմանադրության շրջանակներում: Ի տարբերություն նախորդի` այն դեպի փոկուղի չի տանելու»,- հայտարարեց նա: Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ փետրվարի 18-ին ժողովուրդը միայն իր երկրի նախագահին չի ընտրել. «Միաժամանակ հրամայել է, որ օր առաջ բոլորս կարողանանք իրավականորեն ամրագրել իր այդ որոշումը»: