Այսօր առավոտից Գառնիի տաճարում հայ հեթանոսները տոնում են հեթանոսական Ամանորը: Բազմամարդ միջոցառմանը ներկաների միայն մի մասն է պարզապես հետաքրքրության համար մասնակից դարձել, մյուսները դրան վերաբերում են որպես իրենց կրոնի կարևոր ծեսի:
«Մեր նախնիներն Ամանորը դիմավորել են մարտի 21-ին, գարնանային գիշերահավասարի օրը: Դա տարեգլխի պատահական ընտրություն չէր: Այդ հեռավոր ժամանակների հայ քրմերն իրենց բազմամյա դիտարկումներով նկատել էին, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին: Այդ օրն էլ հայ մարդը դարձրել է նոր տարի և նշել ցնծալի տոնախմբությամբ, փառաբանել բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, որպեսզի աստվածները բերքառատ դարձնեն տարին», – PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց միջոցառման նախաձեռնողներից «Նախնյաց հետքերով» ՀԿ ներկայացուցիչ, արևի որդի Արմեն Մխիթարյանն ու նշեց, որ անկախ կրոնից, հայը մնում է հայ ու իրենք ուղղակի փորձում են վերականգնել նախնիների մշակույթը:
Միջոցառման մասնակիցների մեծ մասը հենց հեթանոսներ են, նաև արտերկրից եկած: «Մեր հավատամքի ծեսն է, ինչպես կարող եմ չմասնացել», – ասաց Ռուբեն Մինասյանը:
Միջոցառումը քրմերի մասնակցությամբ պաշտոնական մաս ունի, որն ավարտվելու է գունավոր ժապավենները ծիրանենու ճյուղերին կապելով, ու հին հայկական ուտեստներով հյուրասիրություն:





