AM
22 Մարտ 2013 - 07:46 AMT

«Ժառանգություն». ՍԴ-ն կանաչ լույս վառեց քրեական աշխարհի ներկայացուցիչների առաջ

Սահմանադրական դատարանը շարունակեց մնալ գործադիր իշխանության կցորդը, կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նա ասաց, որ անհիմն են այն պատճառաբանությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները անհրաժեշտ դիմում-բողոքները չէին ներկայացրել:

«Սահմանադրական դատարանը հերթական անգամ ինդուլգենցիա տվեց, կամ քարտ-բլանշ, կամ կանաչ լույս վառեց քրեական աշխարհի ներկայացուցիչների առաջ»,- ասաց Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումի մերժմանը:

Նա նկատեց, որ իրենք ձգտում են Սահմանադրության և օրենքի շրջանակներում կատարել գործողություններ, որոնցով կարելի է հասնել իշխանության: «Մեր ժողովրդին դեռ չի հաջողվել իր քվեով իշխանություն ձևավորել, մենք փորձում ենք այդ ավանդույթը խախտել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: