Մինչ այս պահը գրիպի Ա H1N1 ենթատեսակից Հայաստանում մահվան երեք դեպք է գրանցվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույում ասաց ՀՀ ԱՆ Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում գրիպի նախանշաններով հիվանդանոց տեղափոխված 7 տարեկան երեխայի մահվան դեպքից հետո նշանակվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում: Հավելենք, նաև որ Հայաստանում վերջին մի քանի շաբաթների ընթացքում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ էր գրանցվել:





