Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը եւ Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին հոկտեմբերի 21-ին Երեւանում համաձայնեցրել են 2006 թվականի Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունների համագործակցության ծրագրի նախագիծը: Փաստաթուղթը կստորագրեն երկու երկրների պաշտպանության նախարարները 2005 թվականի նոյեմբերին կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում: Լրագրողների հետ զրույցում ռուս գեներալը համագործակցության ծրագիրն անվանել է «հավակնոտ փաստաթուղթ, այդ բառի լավ իմաստով»: Նրա խոսքերով, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել դրա շրջանակներում, գործնական օգուտ կբերեն Հայաստանին եւ Ռուսաստանին: Բալուեւսկին բնութագրել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈՒ միջեւ ձեւավորված հարաբերությունները որպես երկու մերձավոր դաշնակիցների հարաբերություններ: Նրա խոսքերով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում «ամենասեւեռուն ուշադրություն են դարձնում հայկական կողմի հետ հարաբերությունների զարգացմանը»:
Անդրադառնալով Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությանը` Բալուեւսկին նշել է, որ նրա քանակական ընդլայնման խնդիր այսօր օրակարգում չկա: «Կա ռազմակայանի որակական մակարդակի բարձրացման խնդիր, ինչը բխում է Ռուսասկան Դաշնության զինված ուժերի բարեփոխման ընդհանուր տրամաբանությունից»,-ընդգծել է նա: «Ռազմակայանը կատարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները, եւ տվյալ պահին այն ընդլայնելու խնդիր դրված չի, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ավելացրել է նա: Այսօր եւետ Յուրի Բալուեւսկին Ռուսաստանի պաշտպանության նախարարի հրամանով մի շարք հայ զինծառայողների պարգեւատրեց մարտական համագործակցության ամրապնդման համար մեդալներով եւ «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 200 տարեկան է» հուշանշաններով»: Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործակցության ընդլայնմանը, մասնավորապես, նրան, որ հայկական կողմը միացել է Դաշնության հետ Անհատական գործընկերության ծրագրին, Բալուեւսկին նշել է, որ Ռուսաստանը նույնպես համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, եւ դա ունի «կիրառական նշանակություն» ռուսական կողմի համար: Իր հերթին նրա հայ գործընկեր, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը նշել է, որ «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ անդամ գործընկերների հետ»: «Մենք շարունակում ենք ռազմավարական գործընկերներ մնալ, եւ կշարունակենք զարգացնել հարաբերությունները եւ Ռուսաստանի, եւ ՀԱՊԿ հետ»,-ընդգծել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





