Աբովյան – Մոսկովյան խաչմերուկի գետնանցումի փոխարեն այդտեղ գիրք վաճառողներին այլ տարբերակ առաջակելու խնդրով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են դիմել «Արատտա» ուսանողական շարժման ներկայացուցիչները: Նրանց տարածած հայտարարության մեջ նշված է. «2012 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հայտարարվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Սակայն, ցավոք սրտի, մեր մայրաքաղաքում քիչ են գրախանութները, իսկ գրքի տոնավաճառները իսպառ բացակայում են: Սրան գումարվում է նաև այն, որ Մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումի վերանորոգման պատճառով գրավաճառները ստիպված են եղել դուրս գալ այնտեղից: Արդյունքում գրքերը մնացել են բարձիթողի վիճակում: Ուզում ենք հիշեցնել, որ յուրաքանչյուր մայրաքաղաքի պատիվն է ունենալ գրքի մի քանի տոնավաճառներ: Հատկապես հայոց պետականության պատիվն է Երևանում ունենալ գրքի գեթ մեկ մշտական տոնավաճառ:
Երևանի քաղաքապետարանը գրավաճառներին առաջարկել է երկու վայր, որտեղ հնարավոր չէ գիրք վաճառել` տարածքով փոքր են, կեղտոտ և հեռու են բուհերից: Մե՛նք՝ որպես գրքասեր և ընթերցանության ջատագով ուսանողներ, պահանջում ենք
1.Բացել տոնավաճառ ուսանողներին հարմար վայրում, ինչպիսին կարող է լինել Նալբանդյան փողոցի սկզբում գտնվող ընդարձակ տարածությունը:
2.Մինչև տոնավաճառի բացումը գրավաճառներին արագ տրամադրել ժամանակավոր տարածք հետևյալ վայրերից մեկում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահներից մեկում, Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումի փակ տարածքում, Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գործող սրճարանների տարածքում (սրճարանի տերերը համաձայն են աջակցել քաղաքապետարանի թույլտվության առկայության դեպքում):
3.Վերահսկողություն իրականացնել գրավաճառներից գանձվող տարածքի վարձի և հարկերի վրա, որպեսզի ապահովվի գրքերի ցածր գինը:
Հուսով ենք` քաղաքապետարանի որոշումը կվերանայվի մեր պահանջներին համապատասխան»:





