Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցել են Բրյուսելում Հայաստանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը: Դեսպանատանը տրամադրված քառահարկ շենքը, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում, Մոնթուայե 28 փողոցում, կառուցվել է մինչեւ Երկրորդ աշխարհամարտը եւ շենքի ինտերյերը մեծ պատմական արժեք ունի: Շենքի արժեքի մի մասը վճարել է Հայաստանի կառավարությունը, մյուս մասը` տեղի հայկական համայնքը, մնացած գումարը փակվել է վարկային միջոցների հաշվին: Հայկական դեսպանատունը գտնվում է Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ մի շարք եվրոպական կառույցների գրասենյակների հարեւանությամբ: Պատմական անվանելով դեսպանատան բացման օրը` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասել է. «Չեմ կասկածում, որ մենք կհիշենք այս օրը, երբ Հայաստանը Եվրամիության անդամ դառնա»:





