AM
25 Մարտ 2013 - 09:02 AMT

Առաջիկա ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել 32 հազար ծառ և թուփ

Մարտի 23-ին և 24-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում կազմակերպված սանմաքրման աշխատանքների հետ կապված`հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել և ամենօրյա հսկողություն իրականացնել համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրերում մաքուր և պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: Նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցություն ցուցաբերած բոլոր կառույցների աշխատակիցներին:

Ինչպես PanARMENIAN. Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին անդրադառնալով` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ առաջիկայում անցկացվելիք ծառատունկին տնկվելու է 32 հազար ծառ և թուփ: Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ լայնամասշտաբ ծառատունկը պետք է ընդգրկի մայրաքաղաքի նախկինում անտառային համարվող և ոռոգման ցանցով ապահովված բոլոր գոտիները: Հանձնարարվել է ակտիվացնել հեղեղատարների մաքրման աշխատանքները` անձրևների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով: