Հայաստանը դիվանագիտական հարաբերություներ չունի Թուրքիայի հետ, և ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնական գրասենյակներն այդ երկիր տեղափոխելը դժվարություններ կառաջացնի մեզ համար: Հանրային խորհրդի գրասենյակում այսօր քննարկում-խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նման կարծիք է հայտնել ու ավելացրել, որ դժվարություններ կստեղծվեն ոչ միայն Հայաստանի, նաև այլ երկրների համար:
Նա նշել է, որ արտգործնախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա ՄԱԿ-ի գրասենյակների Թուրքիա տեղափոխումը, բայց. «Արտաքին գործերի նախարարությունը միայնակ ոչինչ անել չի կարող: Մենք բոլորս պետք է աջակցենք մեր արտգործնախարարությանն այս հարցում»:
Ըստ Հանրային խորհրդի նախագահի` ՄԱԿ-ի այդպիսի որոշման պատճառը հիմնականում ֆինանսական դրդապատճառերն են, իսկ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում մեծ ֆինանսական միջոցներ հատկացնել: «Իհարկե հասկանալի են նաև Թուրքիայի նպատակները` այդպիսով Թուրքիան տնտեսական հզորացման հետ մեկտեղ ՄԱԿ-ի եվրոպական կենտրոն կդառնա»,- ասել է Վ.Մանուկյանն ու միաժամանակ նշել, որ այդպիսի որոշումը հակասում է ՄԱԿ-ի գաղափարախոսությանը: Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ևս այս կարծիքին է. «ՄԱԿ-ը ստեղծվել է աշխարհում խաղաղություն և համերաշխություն քարոզելու նպատակով, սակայն այսօր նրանք ուզում են ՄԱԿ-ի եվրոպական կենտրոն դարձնել մի երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և Հայաստանի հետ նախապատերազմական քաղաքականություն է վարում»,- ասել է նա ու նշել, որ բացի դրանից, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության խնդիրներ կան, այդ երկիրը հաճախակի խախտում է միջազգային օրենքները: «Մենք պետք է ամեն ինչ անենք մեր բողոքի ձայնը ՄԱԿ-ի ղեկավարությանը հասցնելու համար»,- ասել է նա: Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը խնդիրն այլ կողմից է դիտարկել ու նշել, որ դեմ չենք Թուրքիայի հետ շփվելուն, սակայն դրա համար. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, լուրջ աշխատանքներ տանի երկրում խոսքի ազատության վերականգման և ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը: Այս ամենից հետո միայն մենք կընդունենք, որ հենց Թուրքիան դառնա ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոն և պատրաստակամություն կհայտնենք օգնել նրանց այդ գործում»,- ասել է նա ու առաջարկել խորհրդակցական խումբ ստեղծել, որը քննարկումների արդյունքում բանաձև կընդունի և այն կհանձնի առաջիկայում Հայաստան ժամանող ՄԱԿ-ի բանագնացներին և եվրոպական երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:





