AM
29 Մարտ 2013 - 07:11 AMT

Էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգից օգտվելու հնարավորություն ունի Հայաստանի 129 համայնք

Հայաստանում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) ներդրված է 352 համայնքում, էլեկտրոնային փաստաթղթաշարժի Mulberry» համակարգից օգտվելու հնարավորություն ունի 129 համայնք: Ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ:

Կարևորելով էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը համայնքներում աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից` փոխվարչապետը մարզպետներին և ՏԿ նախարարության պատասխանատուներին հանձնարարել է համատեղ աշխատանքներ իրականացնել` համակարգերի ներդրման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Բարձրացվել է մարզերում ինտերնետ կապի որակի հարցը, ինչի վրա կհրավիրվի նաև օպերատոր ընկերությունների ուշադրությունը:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. առաջին երկու ամիսների ցուցանիշներին: Դրական համարելով տարեսկզբի միտումները ` փոխվարչապետը կարևորեց այդ ուղղությամբ տարվա ընթացքում մշտական հետևողական աշխատանքի իրականացումը և մարզպետներին առաջարկեց հարցն ուշադրության կենտրոնում պահել: