AM
4 Ապրիլ 2013 - 09:57 AMT

Վ.Խաչիկյանը դատարանում չի ընդունել մոտ 270 մլն դրամ կենսաթոշակ յուրացնելու մեղադրանքը

Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը:

Մեղադրողը դատարանում ներկայացրել է մեղադրանքի բովանդակությունը, ըստ որի Վազգեն Խաչիկյանը, մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը յուրացրել է ընդհանուր առմամբ ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։ Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար: Գործով Վազգեն Խաչիկյանից բացի մեղադրվում է ևս 12 անձ:

Վ.Խաչիկյանը նշել է, որ իր համար հասկանալի չէ մեղադրանքի այն մասը, թե ինքը տեղյակ է եղել հափշտակությունից և կազմակերպել է այն: Դատարանը մեղադրող կողմին խնդրել է հաջորդ դատական նիստի ժամանակ հստակեցնել մեղադրանքի այդ մասը։ Իսկ հարցին, թե ընդունո՞ւմ է առաջադրված երեք հոդվածներով մեղադրանքը, Վ.Խաչիկյանը պատասխանել է` ոչ. «Ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ հիմա, պնդում եմ, որ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասել է նա։

Մեղադրող կողմը առաջադրված մեղադրանքները ներկայացրել է նաև ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին, ում համար մեղադրանքը պարզ և հասկանալի էր: Նա ևս նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Իսկ մեղադրյալ Հովհաննես Գրիգորյանը նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքի մի մասի էությունը չի հասկանում, իսկ մյուս մասով իրեն մեղավոր չի ճանաչում։