AM
15 Ապրիլ 2013 - 05:37 AMT

Հրանտ Բագրատյան. Երևանը քաղաք է առանց քաղաքացու

Նախագահի նախկին թեկնածու, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում անդրադարձել է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

«Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահական ընտրություններում ինձ ձայն տալու համար(4.1% – սա էին ինձ թողել երևանցիների ձայներից) և հայցում ձեր ներողամտությունը Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու համար։

Այնուամենայնիվ Երևանն իմ քաղաքն է. այստեղ եմ ես ծնվել, մեծացել, դպրոց գնացել, ծնողներիս հետ շքերթներին մասնակցել, աշխատել, նվագել, սիրահարվել, աղջիկների հետ կինո գնացել, ամուսնացել, գրքեր գրել, երեխաներ ունեցել։ Քաղաքը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Նույնիսկ կասեի նոր-նոր պիտի ստեղծվի. քաղաքը կառավարում չունի, բյուջե չունի, բանկ չունի, լիարժեք ընտրություն չունի։ Իրավաբանորեն Երևանը քաղաք է առանց քաղաքացու։ Նայում եմ առաջադրված քաղաքական ուժերին. Այս պահի դրությամբ ոչ-ոք լուրջ մի երկու տող տեքստ չունի գրած՝ բացի ընդհանուր վերամբարձ մոտեցումներից»,- գրել է պատգամավորը։

Հրանտ Բագրատյանը իր նախընտրական կայքում նաև տեղադրել է Երևանի քաղաքական ու տնտեսական ծրարգրեր: «Հուսով է, որ այն կօգնի մրցակցող քաղաքական ուժերին»,- ավելացրել է նա։