AM
16 Ապրիլ 2013 - 05:19 AMT

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. Երեկոյան առատ տեղումներ են սպասվում

Այսօր կեսօրից հետո Հայաստանի տարածքը կգտնվի մթնոլորտային ցածր ճնշման ազդեցության ներքո: Կդիտվի ամպամած, խիստ անբարենպաստ եղանակ, ամենուրեք պարբերաբար կդիտվեն տեղումներ. առայժմ` անձրև և ամպրոպ, հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, առանձին շրջաններում հատկապես օրվա 2-րդ կեսին սպասվում են առատ տեղումներ, տեղատարափ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, արևելյան շրջաններում` առավել զգալի, մոտ 8 աստիճանով: Օդի ջերմաստիճանի նվազում կլինի նաև ապրիլի 17-ին, նվազման հետևանքով լեռներում և նախալեռներում չորեքշաբթիի գիշերը ձյուն է սպասվում:

Երևանում օրվա 2-րդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, երեկոյան հավանական են առատ տեղումները, հնարավոր է ուժգին քամի 13-15մ/վրկ, կա կարկտի հավանականություն:

Ցերեկը սպասվում է +16+18, երեկոյան +11+13 աստիճան տաքություն: