2012-2013 թթ. «Էկո Փիս» գիտական, էկոլոգիական կազմակերպությունը Հայաստանում իրականացնում էր «Աջակցություն արտադրական անվտանգության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը բարձրագույն ուսումնական հաստատություններում» ծրագիրը: Այն ֆինանսավորում էր Գերմանիայի բնության, շրջակա միջավայրի պահպանության և միջուկային ռեակտորների անվտանգության ֆեդերատիվ նախարարությունը։ Ծրագիրը համաձայնեցված ՄԱԿ-ի արդյունաբերական վթարների կոնվենցիայի կառավարման հանձնաժողովի հետ:
Ծրագրին Հայաստանում աջակցել էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի ճարտարապետության և շինանարության պետական համալասարանները, որոնք ընտրվել էին որպես ծրագրի մոդելային ուսումնական հաստատություններ: Մարտի 26-ին տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, առողջապահության, կրթության և գիտության նախարությունների, տարբեր ԲՈՒՀ-երի, միջազգային և հասարակական կազմակերպությունների, արտադրական ձեռնարկությունների, ինչպես նաև Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային գործակալության ներկայացուցիչներ:
Քննարկման առաջին մասում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները: Մասնակիցները բարձր են գնահատել ուսանողների կողմից Հայաստանի արդյունաբերական 5 ձեռնարկություններում իրականացված ուսումնասիրությունները և բարելավման միջոցառումների առաջարկները: Ի դեպ` ուսանողներն այդ ուսումնասիրությոuններն իրականացրել են նոր մեթոդաբանությամբ, որը ներկայումս կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում և այս ծրագրի շրջանակներում թարգմանվել էր հայերեն:
Հանդիպմանը ներկա ԱՌՆԱՊ հիմնադրամի մասնակիցները (ՀՀ ԱԻՆ, ՃԿՊԱ, UNDP, UNICEF, Armenian Caritas) առաջարկել են գործակցել հետագա աշխատանքներում:
ՄԱԿ-ի անդամ 8 երկրների (Չեխիա, Ռումինիա, Գերմանիա, Ռուսաստան, Մոլդովա, Բելառուս, Ուզբեկստան, Տաջիկստան) պատվիրակները ներկայացրել են իրենց երկրներում արտադրական անվտանգության ոլորտում իրականացվող գործընթացները:
Ներկաները կարևորել են Հայաստանում ծրագրի իրականացման գաղափարը, նշելով, որ այն նաև կայուն նախադրյալներ է ստեղծում ծրագրի ավարտից հետո գործընթացի շարունակականություն ապահովելու համար: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:





