AM
19 Ապրիլ 2013 - 06:44 AMT

Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկանում ենք նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակից: «ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։

Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 5-ին` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում: