AM
22 Ապրիլ 2013 - 10:17 AMT

Ստյոպա Սաֆարյան. Շատ քաղաքական ուժեր ժողովրդի կողքին չեն, ժողովրդին գործոն չեն համարում

Ապրիլի 19-ին հռչակված «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումն ապրիլի 9-ի տրամաբանական շարունակությունն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կմեկնարկեն այցերը մարզեր` երդմանը հավատարիմ քաղաքացիների ինստիտուտների ձևավորման նպատակով:

«Շատ քաղաքական ուժեր ժողովրդի կողքին չեն, նրանք մեծ հաշվով անհաղորդ մնացին ինչպես նախագահական ընտրություններին, այնպես էլ` հետընտրական իրավիճակին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` շատ քաղաքական ուժեր ժողովրդին գործոն չեն համարում: «Քաղաքական ուժերը չեն պարզաբանում, թե ինչու չեն միանում այս շարժմանը: Մեր ծրագիրը հստակ է` կամ նրանք չեն կարդում, կամ կարդում` չեն հասկանում»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ քաղաքական ուժն իրավունք չունի ասելու, որ չեն մասնակցում ընտրություններին, որովհետև էլի կեղծելու են, ընտրացուցակները չեն հրապարակվելու և այլն: «ՀԱԿ-ը պիտակավորեց նախագահական ընտրությունները և չմասնակցեց, բայց հիմա մասնակցում է ավագանու ընտրություններին: Նախագահական ընտրությունները նրանց համար արձակուրդ գնալու միջոց էին»,- նկատեց նա:

«Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ «Բարև Երևան» դաշինքի պայքարը ժողովրդին իշխանությունը վերադարձնելու ևս մեկ հնարավորություն է: «Մենք ունենք մրցունակ թիմ, և կարող ենք ժողովրդին դուրս բերել քրեաօլիգարխիկ տարրերի ճիրաններից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա, Ստյոպա Սաֆարյանի տեղեկություններով, մարզպետները հրահանգ են իջեցրել քաղաքապետներին, գյուղապետներին, որպեսզի ներկայացնեն տեղացիների այն հարազատների ցուցակները, ովքեր Երևանում են բնակվում, որպեսզի քվեարկեեն Տարոն Մարգարյանի օգտին: «ՀՀԿ-ն խախտում է խաղի ամրագրված կանոնները»,- ասաց նա: