AM
25 Ապրիլ 2013 - 08:01 AMT

Գյումրիում կրակոցների գործով ձերբակալվել է Վահե Ղուկասյանը` նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին

Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:

Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Վահե Ղուկասյանը, ով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին է, ձերբակալված է:

Ավելացնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը ևս այս գործով բերման էր ենթարկվել, նա ազատության մեջ է: Ապրիլի 23-ին ոստիկանություն որպես վկա ցուցմունք տալու էր հրավիրվել նաև Վարդան Ղուկասյանը: